Մելգոնեան կրթական հաստատություն



Պատմական ակնարկ

Մելգոնեան (Մելքոնյան) կրթական հաստատությունը (ՄԿՀ) հիմնադրվել է 1924թ. փետրվարի 15-ին Նիկոսիայում` որպես որբանոց 1915 թ. ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ երեխաների համար: Այս կառույցն ունի մոտ 80 տարվա պատմություն, ժառանգություն եւ ավանդույթներ: Մելքոնյան կրթական հաստատության առաջին տնօրենը եղել է Պոլսո Զավեն պատրիարքը, որը 1926 թ. ապրիլին ստանձնել է Հայոց Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանում եւ հարեւան երկրներում անօթեւան մնացած ավելի քան 300 որբերին հավաքագրելու աշխատանքը: 1935-36 թթ. Մելքոնյան հաստատությունը սկսել է գործել որպես հավատարմագրված երկրորդական վարժարան` 8-ամյա կրթօջախից վերածվելով 10-ամյա դպրոցի:

Մելքոնյան հաստատության հիմնադիրներն են հայ մեծանուն բարերարներ Գրիգոր (1843-1920 թթ.) եւ Կարապետ (1849-1934 թթ.) Մելգոնեան (Մելքոնյան) եղբայրները:

Ավագ եղբոր մահվանից հետո Կարապետն ամբողջ ունեցվածքը նվիրաբերել է Հայաստանի Առաջին Հանրապետությանը, որի համար արժանացել է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը:

Հայաստանի խորհրդայնացումից մեկ տարի անց՝ 1921 թ. հուլիսի 25-ին, Կ. Մելքոնյանը կազմել է նվիրատվության նոր ակտ, որի համաձայն իր եւ եղբոր ամբողջ կարողությունը հատկացվում էր Տաճկաստանում (Օսմանյան կայսրություն) ու Կիլիկիայում հայ օրիորդների ու պատանիների երեք հայկական դպրոցների կարիքները հոգալու համար: Կտակի իրավարարն էր Պոլսո Հայոց Պատրիարքարանը, որը 1923 թ Նիկոսիայի մերձակայքում գնում է 187 հազ. քմ հողատարածք, իսկ 1924 թ. ճարտարապետ Կ. Պալյանի նախագծով սկսվում է կրթահամալիրի շինարարությունը. կառուցվում են 15 շինություն, խաղադաշտեր, հիմնվում են պուրակներ ու պարտեզներ:

Սակայն 1925 թ. դեկտեմբերի 28-ին Ալեքսանդրիայում Կարապետ Մելքոնյանը կազմում է մի նոր ակտ եւ ամբողջ նվիրատվությունը փոխանցում Պողոս Նուբար փաշայի ղեկավարած Հայ բարեգործական ընդհանուր միությանը: Պողոս Նուբար Փաշայի եւ Կարապետ Մելքոնյանի միջեւ կայացած բանակցությունների արդյունքուն բարերարների ամբողջ հարստությունը Ալեքսանդրիայի Խառն դատարանում պաշտոնապես ՀԲԸՄ-ին է փոխանցվում նոտարական ակտերով (պայմանագրով): Պ. Նուբարը Կ. Մելքոնյանի ցանկությամբ ծխախոտի գործարանը վաճառում է անգլիական «Իսթերն ընկերությանը»՝ 564.696 ֆունտ ստեռլինգով (այս գումարի գնողունակության մասին պատկերացում տալու համար ասենք, որ 1925 թ. ՀԲԸՄ հատկացրած 5000 ֆունտ ստեռլինգով կազմակերպվեց Հունաստանում, Կ. Պոլսում եւ Պաղեստինում ապաստանած 4190 գաղթականների ներգաղթը Հայաստան), որն էլ հավասար մասերով դրվում է Լոնդոնի «Միդլենդ» բանկում եւ Նյու Յորքի «Նեյշնըլ Սիթի բանկում» որպես անձեռնմխելի գումար: Դրանից ստացվող շահույթը, համաձայն բարերարի հանձնարարության, հատկացվում էր ազգօգուտ նպատակների համար: Այսպիսով, 1925 թ. դեկտեմբերին կնքված համաձայնագրով Մելքոնյան կտակի տարեկան տոկոսները, որոնք կազմում էին 4,6 մլն ամերիկյան դոլար, Պատրիարքարանից փոխանցվում է ՀԲԸՄ-ին, դրանով իսկ միությունն է դառնում հանձնառու Մելքոնյան եղբայրների կտակի վերահսկմանը եւ Մելքոնյան հաստատության գործերի կառավարմանը:

Սկզբնական շրջանում Մելքոնյան կտակը տնօրինում էր Պոլսո Հայոց Պատրիարքարանը: 1926 թվականին ստորագրվում է եռակողմ փաստաթուղթ, որի հիման վրա կտակարար է դառնում ՀԲԸՄ-ն: Կարապետ աղա Մելքոնյանը հանդիսանում է այդ եռակողմ փաստաթուղթի ստորագրողներից մեկը: Պայմանավորվածության մյուս երկու կողմերն էին Պոլսո Հայոց Պատրիարքարանը եւ ՀԲԸՄ-ն: Այսինքն` Կարապետ Մելքոնյանի համաձայնությամբ Պատրիարքարանը կտակարարի պաշտոնը փոխանցում է ՀԲԸՄ-ին:

Անցնող տասնամյակների ընթացքում ՀԲԸՄ-ն իբրեւ կտակարար իրականացրեց ՄԿՀ-ի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները

Մելքոնյան կրթական հաստատությունը 1926-1990-ական թթ.

Հիմնադրման առաջին տարիներին Մելքոնյան հաստատությունը իրագործեց մարդասիրական լուրջ ծրագրեր` Օսմանյան Կայսրությունում լքված հազարավոր որբերի համար ապաստան հայթայթելով: Հետագա տարիներին ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը Մելքոնյան կրթական հաստատությունը որբանոցային մակարդակից բարձրացրեց հավատարմագրված (accredited) վարժարանի: Երբ Միջին Արեւելքի հայությունր սկսեց ամուր հիմքեր հաստատել, Մելքոնյանր կարեւոր դեր կատարեց` ուսանող երիտասարդներից պատրաստելով գաղութային ղեկավար անձանց, որոնք հսկայական դերակատարություն ունեցան իրենց գաղութների կյանքում իբրեւ ուսուցիչներ, խմբագիրներ քաղաքացիական կրթության, մանկավարժության եւ այլ ոլորտներում, ինչը էապես նպաստեց Միջին Արեւելքի գաղութներում հայապահպանության, հայկական ոգու զարգացման եւ պահպանման հարցերում:

1970-ական թվականներին ՄԿՀ-ն բախվեց լուրջ դժվարությունների` ինչպես բյուջեյի սղության, այնպես էլ աշակերտների թվի նվազման պատճարով, որը հիմնականում պայմանավորված էր Միջին Արեւելքից (որը աշակերտության հիմնական աղբյուրն էր ) եւ Հունաստանից ժամանող ուսանողության թվի զգալի կրճատմամբ: Մեծապես հաշվի առնելով այս հանգամանքը` ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը 1975 թ. արդեն որոշում է փակել ՄԿՀ-ն: Սակայն հաշվի առնելով Մելքոնյան շրջանավարտների, ինչպես նաեւ հաստատության Հոգաբարձուների խորհրդի լուրջ հակազդեցությունը, Կենտրոնական վարչությունը որոշում է շարունակել Մելքոնյան հաստատության գործունեությունը: Այն ավելի գրավիչ դարձնելու, աշակերտների թիվը ավելացնելու նպատակով Կենտրոնական վարչությունը որոշում է ոչ միայն բարձրացնել ուսման որակը, այլեւ բարելավում է գիշերօթիկի պայմանները` կառուցելով երկու արդիական մասնաշենք` 300-400 աշակերտի համար: Այս միջոցառումների հիմնական նպատակն էր Մելքոնյան կրթական հաստատությունը համալրել այնպիսի ենթակառուցվածքով, որը կկարողանար մրցել Արեւմուտքի վարժարանների հետ եւ հրապուրել նոր սերունդի այն հայ աշակերտներին, որոնց ծնողները` հատկապես Մելքոնյանի շրջանավարտները, հաստատվել էին Արեւմուտքում:

Միջոցառումները տվեցին իրենց արդյունքը: Թեեւ արտագաղթը Միջին Արեւելքից զանգվածաբար շարունակվում էր, այնուամենայնիվ 1980 թ. սկզբին Մելքոնյան հաստատությունում սովորում էր 108 աշակերտ. 78-ը` Լիբանանից, 30-ը` Իրանից: Մասնավորապես, այն ընտանիքները, որոնք այլեւայլ պատճառներով չարտագաղթեցին, նախընտրեցին իրենց զավակներին ժամանակավորապես տեղավորել Մելքոնյան հաստատությունում` զերծ պահելու համար պատերազմի վտանգներից:

1980-ական թվականների վերջին Մելքոնյանի աշակերտների թիվը սկսում է նվազել, ինչը պայմանավորված էր Լիբանանում ընթացող քաղաքացիական պատերազմի մեղմացամբ, որի հետեւանքով վերսկսում է հայերի արտագաղթը դեպի Արեւմուտք, թեեւ հոսքը դեպի Մելքոնյան հաստատություն շարունակվում էր:

Խորհրդային Միության փլուզման արդյունքում ՄՀԿ-ն իր ուշադրությունը ուղղեց դեպի Արեւելյան Եվրոպա` հրապուրելու տեղի երիտասարդությանը: Այս հանգամանքը նշանակալի փոփոխություն առաջացրեց աշակերտների կազմի մեջ: 1990-ականն թվականներին շոշափելի քանակի հասավ աշակերտների թիվը Հայաստանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Ռումինիայից եւ Ռուսաստանից: ՀԲԸՄ-ն խանդավառությամբ դիմավորեց այս նոր իրավիճակը` փորձելով նորովի դրսեւորել Մելքոնյան հաստատության դերը հայկական աշխարհի իրականության մեջ:

2003 թ. վերջին, ըստ ՀԲԸՄ-ի պաշտոնական տվյալների, Մելքոնյան կրթական հաստատությունում աշակերտների թիվը կազմում էր 16 երկրից 206 աշակերտ, որոնց գրեթե 10 տոկոսը ազգությամբ հայ չէին: Աշակերտների մեծ մասը Կիպրոսից եւ Հայաստանից էին: Մնացած աշակերտները Իրանից, Բուլղարիայից, Իրանից եւ Հունաստանից էին:

2004 թ. մարտի 16-ին ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչությունը, ծախսատարության եւ կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, որոշում է կայացնում ՄԿՀ-ն փակելու մասին, իսկ 2007 թ. մայիսին որոշումն ուժի մեջ է մտնում: Մասնավորապես ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ Քերոլ Ասլանյանը Մելքոնյանի փակումը բացատրում էր այն հանգամանքով, որ դպրոցի համար ՀԲԸՄ-ի կատարած ծախսերը չեն արդարացվել ոչ ուսման արդյունավետությամբ, ոչ աշակերտների քանակով: Եվ դա էր, որ Կենտրոնական վարչությանը մղել է որոշում կայացնել, համաձայն որի դպրոցը ներկա վիճակով պահելն անիմաստ է: Ըստ Քերոլ Ասլանյանի, «Այդ հաստատությունը, թեեւ շատ մեծ դեր է կատարել հայ գաղութների համար, բայց միայն անցյալի արդյունավետության հիմնավորմամբ չէր կարող գոյատեւել: Անհրաժեշտ է, որ այն ներկա իրականությանը համապատասխանեցվի: Կենտրոնական վարչության կողմից «լուրջ սերտողությամբ» ինչ-ինչ միջոցառումներ արվում են: Հարցը դպրոցը փակելը չէ, այլ լավագույն միջոցառումը գտնելը, որ պիտի ապահովի դպրոցի արդյունավետությունը»:

ՀԲԸՄ-ն Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության փոխարեն Երեւանի Նոր Նորք թաղամասում նախատեսվում է կառուցել նոր Մելքոնյան կրթահամալիր, որի բացումն, ըստ ՀԲԸՄ ղեկավարների, նոր որակ է հաղորդելու Հայաստան-Սփյուռք երիտասարդական-կրթական կապերին: Ըստ ՀԲԸՄ ղեկավարների, այս նոր գիտակրթական կառույցը լինելու է ժամանակակից գերհագեցած կրթական համալիր` ռուսական, ամերիկյան եւ եվրոպական հարկաբաժիններով, որտեղ տարեկան ուսանելու է 400-600 երտասարդ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Կրթահամալիրը լինելու է ժամանակակից սարքավորումներով գերհագեցած ուսումնական հաստատություն, որտեղ լինելու է նաեւ լողավազան, մատուռ եւ ուսանողների հանգստի համար նախատեսված այլ հարմարություններ: Եվ քանի որ Հայաստանը ստորագրել է Բոլոնյան համաձայնագիրը, ապա ավելի դյուրին է լինելու արեւմտյան բուհերում սովորող երիտասարդների համար մեկ տարով կամ երեք ամսով գալ Հայաստան եւ իրենց կրթության մի մասը ստանալ Մելքոնյան կրթահամալիրում:

Մելքոնյան կրթական հաստատության գործունեությունը

Մելքոնյան հաստատության առջեւում ընկած տարածքը` Լիմասոլ պողոտան զարդարված է հարյուրավոր սոճիներով: Այս պուրակը հիանալի հողատարածք է եւ պատմական ու հոգեւոր արժեք ունի հայ ազգի համար: Այս ծառերը տնկվել են Մելքոնյան հաստատության առաջին տարիներին որբ աշակերտների կողմից` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության ժամանակ զոհված իրենց հարազատների եւ միլիոնավոր այլ զոհերի: Աշխարհում էլ ոչ մի տեղ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը չի հավերժացվել այս կերպ (Կիպրոսի կառավարությունը պաշտոնապես ընդգրկել է պուրակը որպես պատմական արժեք):

Հաստատությունն այժմ զբաղեցնում է 125 հազ. քմ տարածք, որտեղ տեղակայված են 2 եռահարկ ուսումնական մասնաշենք, 2 հանրակացարան` տղաների ու աղջիկների համար, ուսանողների համար նախատեսված ճաշասրահ, մարզահամալիր, ֆուտբոլի մարզադաշտ, թենիսի երեք կորտ եւ բասկետբոլի երկու դահլիճ, պաշտոնյաների բնակելի շենք եւ այլն: Բնակելի հատվածը նախատեսված է մոտ 400 ուսանողի համար: Այն միակ գիշերօթիկ, երկրորդական, ամենօրյա դպրոցն էր Սփյուռքում, Եվրամիության տարածքում միակ հայկական ամենօրյա վարժարանը:

Միեւնույն ժամանակ Մելքոնյան հաստատության տարածքում կառուցվեց վեց հարկանի կոմերցիոն կենտրոնը (ՄԿԿ), որի նպատակն էր ստեղծել եկամտի աղբյուր վարժարանի համար` ՀԲԸՄ-ից ֆինանսական կախվածությունը պակասեցնլու նպատակով: Կոմերցիոն կենտրոնից ստացվող վարձավճարների արդյունքում 1.75 միլիոն կիպրական ֆունտ կազմող փոխառությունը վերադարձվեց ամբողջովին: Վերջին տարիներին Մելքոնյան կոմերցիոն կենտրոնը բավականին շահութաբեր էր. 2003 թ. տվյալների համաձայն, ՄԿԿ-ն տարեկան ունենում էր մոտ 65 հազար դոլարի եկամուտ, որը հավաքագրվում էր Կենտրոնի տարածքներում տրվող վարձակալական գումարներից: Հարկ է նշել, որ ՀԲԸՄ-ն խիստ քննադատության էր ենթարկվում այն բանի համար, որ ՄԿԿ-ից ստացվող եկամուտները երբեք չեն հատկացվել Մելքոնյան հաստատությանը եւ ուղղակիորեն գնացել են ՀԲԸՄ-ին:

Մելքոնյան կրթական հաստատության ուսումնական ծրագրերում ընդգրկված են եղել հումանիտար եւ տնտեսագիտական (բիզնես) ուղղությունները: Դպրոցականները վարժարանը սովորաբար ավարտում էին 18-20 տարեկանում, բայց մինչ այդ նրանք պետք է անցնեին 4-7 ամյա ակադեմիական եւ բարոյադաստիարակչական փորձաշրջան: Դասերի մեծ մասն անցկացվում էր անգլերեն լեզվով, սակայն, հայոց լեզվի, գրականություն եւ պատմության դասաժամերը պարտադիր էին: Դասավանդվող առարկաներն էին` մաթեմատիկա, տնտեսագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հանրահաշիվ, համակարգիչ, պատմություն, արվեստ, ֆիզիկական պատրաստվածություն: Հայերենից ու անգլերենից բացի դասավանդվել է հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն լեզուները:

Պարտադիր առարկաների հետ մեկտեղ, դպրոցականները առաջին փուլում (“O”) սովորում էին SAT & SAT II, GCE ծրագրերով, այնուհետեւ հետեւում էր խորացված ուսումնառության շրջանը (“A”): Մելքոնյան վարժարանի ուսանողների ավարտական քննությունները ընդունում էր մեծ համբավ վայելող Լոնդոնի Համալսարանի Քննական եւ Ատեստավորման Խորհուրդը (ULEAC): Հարկ է նշել, որ վարժարանը հանդիսանում է Բրիտանական Խորհրդի քննական կենտրոններից մեկը:

ՄԿՀ-ն ուներ բարձրակարդ ուսուցչական անձնակազմ, քանի որ ուսուցիչների մեծ մասը ավարտել էին այնպիսի նշանավոր համալսարաններ, ինչպիսիք են` Սորբոնի համալսարանը, Լոնդոնի Տնտեսագիտական Դպրոցը, Հյուսիսարեւելյան համալսաարանը, Նոթինգեմի համալսարանը, Սանկտ Պետերբուրգի, Ռեդինգի, Երեւանի եւ այլ համալսարաններ` ստանալով մագիստրոսի եւ թեկնածուների գիտական աստիճաններ: Շրջանավարտները սովորաբար ուսումը շարունակում էին համաշխարհային բարձրակարգ գիտական եւ կրթական հաստատություններում:

Մելքոնյան հաստատությունը հանդիսանում էր Սփյուռքի կրթական խոշորագույն կենտրոններից մեկը: Իր գոյության ընթացքում հաստատությունը տվել է 1650 շրջանավարտ: Հարկ է նշել, որ Սփյուռքում գործող հայկական գրեթե բոլոր կրթօջախներից, թերեւս, Մելքոնյան վարժարանն է տվել առավել մեծ թվող նշանավոր գրողներ, գիտնականներ, բժիշկներ, երաժիշտներ, քաղաքական եւ հասարակական ազդեցիկ գործիչներ, համայնքների ղեկավարներ: Մելքոնյան վարժարանի հետ են կապվում այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Վահան Թեքեյանը, Հակոբ Օշականը, Բենոն Սեւանը, Վահան Պետելյանը, Սեպուհ Աբգարյանը, Բարսեղ Կանաչյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, գրող Կարպիս Սուրենյանը, Վահան Բեդելյանը եւ այլոք:

Ըստ էության, ՀԲԸՄ-ն հիմնել է Մելքոնյան կրթական հաստատությունը որպես հայապահպանմանն ուղղված միջոց, որի նպատակն էր Ցեղասպանության որբերի խնամքը եւ ուսում տալը: ՄԿՀ-ն սպասարկում էր Սփյուռքի ավելի քան 40 երկրների ուսանողների:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության եւ հետազոտությունների վարչություն

 

 

27.08.2009